16 մայիսի 2009 - 14:40 AMT
Մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանը աուտսայդեր է Հարավային Կովկասում
Ըստ հայտնի ադրբեջանցի քաղաքագետների եւ իրավապաշտպանների, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով առաջնությունը անկասկասծ Վրաստանին է պատկանում: Այդպես, հարցված 8 ադրբեջանցի քաղաքագետներից 5-ը Վրաստանին առաջին տեղն են տվել: Ընդ որում, փորձագետները երեք ձայնով երկուսի դիմաց երկրորդ տեղը տվել են Հայաստանին, իսկ Ադրբեջանն, ըստ իրենց, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում վերջին տեղում է Հարավային Կովկասում: Այդ մասին գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը: Ընդ որում, նշվում է, որ հարցվածներից ոչ մեկին չի կարելի համարել ծայրահեղ ընդդիմադիր:

Ադրբեջանցի քաղաքագետները, հիմնավորել են իրենց ընտրությունը նրանով, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Վրաստանում եւ Հայաստանում կա հավաքների ազատություն: Ըստ որոշ ադրբեջանցի փորձագետների, հավաքների ազատության բացակայությունը Ադրբեջանում կապված է առաջին հերթին նրա հետ, որ ընդդիմությունը պատրաստ չէ զոհերի գնալ: Այսինքն, նրանց կարծիքով, ադրբեջանական հանրությունն, ի տարբերություն վրացականի ու հայկականի, շատ ավելի քիչ է պատրաստ զոհաբերությունների սեփական իրավունքների համար պայքարում:

Ադրբեջանական կողմից հարցմանը մասնակցել են Հիկմետ Հաջիզադեն, Զարդուշտ Ալիզադեն, Լեյլա Ալիեւան, Ռասիմ Մուսաբեկովը, Կանանց իրավունքների պաշտպանության ընկերության ղեկավար Նովելլա Ջաֆարօղլուն: Վրացական կողմից թերթի զրուցակիցներն են եղել քաղաքագետներ Գեորգի Չխեիձեն, Գեորգի Մարգվելաշվիլին, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի առաջատար փորձագետ Արչի Գեգեշիձեն: Ընդ որում վրաց փորձագետները դիվանագիտական մոտեցում են ցուցաբերել, եւ հրաժարվել են դասակարգել Հարավային Կովկասի երկրները: