Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով ՀՀ-ին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին

Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով ՀՀ-ին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին։

Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991թ. Ալմաթիի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2024 թվականի ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա: Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որ կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։

Բանաձևը շեշտել է նաև Հայաստանում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) կարևորությունը և սահմանամերձ տարածքներում կայունության գործում վերջինիս ներդրումը։

Բանաձևում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին շարունակական հումանիտար աջակցության ապահովումը, ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրների լուծումը։ ՖՄԿ-ն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը և Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը։

Փաշինյանը Ֆրանսիայում է մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: Ֆրանսիայում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ելիսեյան պալատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը։

 Ուշագրավ
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---