Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է

Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը խոստովանել է, որ մաքսային մարմինները բավականաչափ արդյունավետ չեն աշխատում թմրամիջոցների մաքսանենգությունը կանխելու ուղղությամբ։

«Թմրամիջոցներ մենք միշտ էլ հայտնաբերել ենք, բայց մեր աշխատանքն իդեալական չէ և բարելավելու տեղ կա։ Դա կապված է թե՛ էլեկտրոնային համակարգի, թե՛ ռիսկի պրոֆիլների ստեղծման, թե կինոլոգիական կենտրոնի հնարավորությունների զարգացման հետ...»,–կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է պաշտոնյան, գրում է Sputnik Արմենիան։

Ի պատասխան պրոֆիլային կառույցների աշխատանքի որակի մասին հարցին` Բադասյանը խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ երկրներ։ ՊԵԿ ղեկավարը կարծում է, որ այդ խնդիրը համատարած է։

«Եթե մեր մաքսային մարմիններն ամբողջությամբ ստուգեն բոլոր բեռները, հերթերը կհասնեն վրացական Փոթի նավահանգիստ։ Իրականում պետք է ռիսկերի ճիշտ գնահատման համակարգ ունենալ, ճիշտ ընտրել բեռները՝ ավելի մանրակրկիտ զննելու համար»,- հավելել է նա։

Բադասյանը նշել է, որ շատ կարևոր է նաև այլ իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը։

Ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, անդրադառնալով աղմկահարույց «կոկաինի գործին», հերքել էր դրա ներկրման մեջ ներգրավված լինելու մեղադրանքները, ինչպես նաև հարցադրում էր արել, թե ինչպես և ինչու է մաքսայինների աչքից վրիպել ավելի քան մեկ տոննա թմրանյութի ներմուծումը Հայաստան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---