Վարչապետ. Ադրբեջանն ուզում է` ՀՀ ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն մնա շրջափակման մեջ

Վարչապետ. Ադրբեջանն ուզում է` ՀՀ ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն մնա շրջափակման մեջ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ունեցած ելույթում ասել է, որ Ադրբեջանն ուզում է՝ ՀՀ ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց, միևնույն ժամանակ, ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ։

Նա հայտարարել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այն կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին, գրում է Panorama.am-ը։

«Եվ այդ փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է առաջացնել Ադրեջանում: Առաջինը, եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Բաքվի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի:

Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություն ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները մեր նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ:

Կարող եմ ասել, որ Հայաստանն որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջան, ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկտամամբ չունի: Ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունները»,–ասել է նա։

Ըստ վարչապետի՝ Հայաստանն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու համար ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա։

«Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Անտրամաբանական մոտեցում է, Հայաստանի համար ընդունելի չէ» ,-ասել է Փաշինյանը:

Նա նաև հավելել է, որ Հայաստանը պատրաստ է կապ տրամադրել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
---