ԵՄ դեսպան․ Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո կավելացվի ՀՀ բյուջեում

ԵՄ դեսպան․  Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո կավելացվի ՀՀ բյուջեում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ՔՊ ժողովրդավարության դպրոցում «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ելույթի ժամանակ ասել է, որ ԵՄ–ն Լեռնային Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո կավելացնի ՀՀ բյուջեում։

«Մենք զբաղվում ենք Ղարաբաղի հայերի ճակատագրով: 100 միլիոն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում և մեր բյուջետային աջակցության շրջանակներով 30 միլիոն էլ է որոշվել ավելացնել կառավարության բյուջեում, որ կիսենք այն բեռը ձեզ հետ, որը դրված է կառավարության ուսերին և նպաստել բարեփոխումների իրականացմանը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նաև ասել է, որ Եվրոպական խորհրդից ստացել են կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնեն ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով, դրանից հետո ԵՄ-ն և Հայաստանն աշխատում ու բացահայտում են նոր հնարավորություններ։

Նա նշել է, որ համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ, որովհետև կա համատեղ քաղաքական հանձնառություն: Դեսպանի խոսքով, ԵՄ-ն աջակցել ու շարունակելու է աջակցել ՀՀ-ին մի շարք ուղղություններում՝ տնտեսություն, դատաիրավական համակարգ, տարածաշրջանային կապեր, ինչի մի մասն է նաև խաղաղությունը։

Վասիլիս Մարագոսը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի 5-ին ներկայացրել էր դիմակայունության և աճի ծրագիրը Նիկոլ Փաշինյանի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում։

«Սա միայն 270 միլիոնի դրամաշնորհային աջակցություն է Հայաստանին գալիք 4 տարվա ըթացքում: Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում 600 միլիոնից ավելի ներդրումներ են կատարվել դրամաշնորհներով և վարկերով: Մենք նաև ձևավորել ենք ներդրումային հարթակ, մենք աշխատում ենք նաև միջուկային և ավիացիոն անվտանգության ոլորտներում»,–ասել է Մարագոսը։

Երևանում ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ

Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։

 Ուշագրավ
---