Փաշինյանը՝ Սյունիքով ճանապարհի մասին․ ՌԴ ԱԴԾ–ին կարող է տրվել միայն մոնիտորինգի գործառույթ

Փաշինյանը՝ Սյունիքով ճանապարհի մասին․ ՌԴ ԱԴԾ–ին կարող է տրվել միայն մոնիտորինգի գործառույթ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» դասախոսության ժամանակ, անդրադառնալով ապաշրջափակմանն ու Սյունիքով ճանապարհին, ասել է, որ ՌԴ ԱԴԾ–ին կարող է տրվել միայն մոնիտորինգի գործառույթ։

Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության համաձայն` ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ–որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ–ն կատարում իր պարտավորությունները, գրում է Sputnik Արմենիան։

Նա մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետը՝ «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

«Վերջերս մի միջավայրում այս մասին խոսք գնաց, և ես հարցրի` ի՞նչ է նշանակում այս ձևակերպումը։ Դա պարզաբանված է ՌԴ նախագահի` 2020 թ. դեկտեմբերի 10–ի հրամանագրում, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։ Սա նշանակում է, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ–որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ–ն կատարում իր պարտավորությունները»,– ընդգծել է վարչապետը։

Ավելին`հայտարարության կետերից ոչ մեկը, ըստ Փաշինյանի, չի ենթադրում, որ Հայաստանի ինչ-որ ինքնիշխան իրավունք որևէ կերպ սահմանափակվում է։

«Այն, թե ՀՀ 1 քմ–ի վրա սահմանելու է որևէ այլ իրավազորություն, չկա նման բան ընդհանրապես և չի կարող լինել»,– վստահեցրել է Փաշինյանը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայտարարության հետ կապված խնդիրները շատ են։ Ըստ Փաշինյանի` չի կարելի առանձնացնել միայն մեկ կետ, այլ բավական է հիշել, որ շատ այլ կետեր չեն կատարվել, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի հարցը, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը և այլն։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից:

 Ուշագրավ
---