18 մայիսի 2009 - 17:10 AMT
Օրհամ Փամուկը կարող է կրկին դատարանի առաջ կանգնել
Թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը կարող է կրկին կանգնել դատարանի առջեւ: Անցյալ շաբաթ Գերագույն բողոքարկիչ դատարանը վերանայել է ստորին ատյանի դատարանի որոշումը Փամուկի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: «Ես հասկանում եմ, որ որ կարող եմ նորից կանգնել դատարանի առջեւ, բայց դա ինձ չի վախեցնում: Ցավոք սրտի, իմ երկրում արդարադատությունը չափազանց ամուր կապված է քաղաքականության հետ: Բայց առանց ազատության արդարադատություն չկա, ուստի իմ պարտքն է հետեւել խոսքի ազատությանը»,- հայտարարել է Օրհան Փամուկը իտալական Տորինո քաղաքում կայացած գրքի տոնավաճառի ժամանակ:
Օրհան Փամուկի հանդեպ քրեական գործ է հարուցվել «թուրք ազգին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, արժանապատվությունը ոտնահարելու եւ կեղտոտ մեղադրանքներ ներկայացնելու» մեղադրանքով: Պատճառ է հանդիսացել Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարությունը: Մասնավորապես, շվեյցարական թերթերից մեկում տված հարցազրույցում 2005-ին Փամուկը հայտարարել է, որ Թուրքիայում սպանվել է «1 միլիոն հայ եւ 30 հազար քուրդ»: