18 մայիսի 2009 - 18:35 AMT
Որոշվել են Հայաստանի Հանրային խորհրդի բոլոր հանձնաժողովների նախագահները
«Հասարակությունը կարծես օտարացել է քաղաքական գործընթացերին մասնակցելուց եւ ակտիվորեն չի մասնակցում Հայաստանի համար ճակատագրական որոշումների ընդունմանը: Հենց այդ բացը լրացնելու համար ստեղծվել է Հանրային խորհուրդը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջնորդ, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանը կարծում է, որ յուրաքանչյուր պաշտոնական կառույցում, իհարկե, կան արհեստավարժ փորձագետների խմբեր, որոնք լավ գիտեն իրենց գործը: Ոչ մեկին չի խանգարի, եթեառաջարկվեն տարբեր հարցերի լուծման ճանապարհներ նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: «Հայաստանում կա որակյալ փորձագիտական պոտենցիալ, իսկ Հանրային խորհրդի օգնությամբ այն կարելի է բարձրացնել նոր մակարդակի վրա»,- ընդգծել է նա:

Խոսրով Հարությունյանի խոսքերով Հանրային խորհրդի աշխատանքի ամենակարեւոր կետերից է Հայաստանի մարզերում կյանքի պայմանների բարելավման առաջադրանքը: «Մարզերի կյանքը, մարդկանց խնդիրներն ու շահերը երկրի քաղաքական վերնախավի ուշադրության կենտրոնում կհայտնվեն»,- նշել է նա:

Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հանրային խորհրդի լրջությունը եւ աշխատանքի որակը կախված են նրանից, թե հանձնաժողովների ներկայացուցիչներն իրենք ինչպես կվերաբերվեն իրենց պարտականությունների կատարմանը: «Հանրային խորհրդի տարբեր հանձնաժողովներում ներկա պահին ներգրավված է շուրջ 1600 մարդ, որոնցից 93-ը ակադեմիկոսներ են եւ գիտությունների դոկտորներ, ավելի քան 200- ն ունեն գիտությունների թեկնածուի աստիճան: Այդ ամենը թույլ է տալիս հուսալ, որ խորհուրդն աշխատելու է»,- ընդգծել է նա: