Ֆրանսիայի դեսպանն արձանագրել է Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան Ներքին Հանդի հատվածում

Ֆրանսիայի դեսպանն արձանագրել է Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան Ներքին Հանդի հատվածում

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձանագրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում, հայտնում է Արմենպրեսը։

Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում դեսպանը ներկայացրել է իր տպավորությունները Ներքին Հանդ կատարած այցից։ Դըկոտինյին ընդգծել է, որ Ներքին Հանդ բնակավայրի մի հատվածն օկուպացված է Ադրբեջանի կողմից։

«Այդ իրավիճակը մեծ դժվարություններ է առաջացնում բնակիչների համար։ Նրանց մոտ վտանգի զգացողություն կա, իսկ այդ վտանգը իրական է, քանի որ հարվածները կարող են նորից սկսվել։ Առօրյա կյանքի հետ կապված խնդիրներ կան, մարդիկ ընդհուպ ջրի խնդիրներ ունեն։ Այստեղ մարդկային դրամաներ կան, մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հարազատների գերեզմաններ»,- նշել է դեսպանը։

Այն հարցին, թե արձանագրում է, որ Ադրբեջանն այդ հատվածում 4 կողմից ներխուժե՞լ է ՀՀ սուվերեն տարածք, դեսպանը պատասխանել է․ «Երեք կողմից, որովհետև մի կողմից մենք կարողացել ենք գնալ այնտեղ»։

2022–ին ադրբեջանական զինված ուժերի կողմից առաջխաղացման և նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացու վարելահողերը և այգիները:

2024-ի փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, 1 վիրավոր։

 Ուշագրավ
---