18 մայիսի 2009 - 21:38 AMT
Tech Squad խումբը ներկայացնելու է Հայաստանը Imagine Cup-2009-ին
Այսօր կայացել է Imagine Cup-2009 միջազգային ամենամյա մրցույթի մասնակիցների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Առաջատարների եռյակը պարգեւատրվել է դրմական մրցանակներով. 1-ին տեղի համար 1500 դոլար, երկրորդ տեղի համար` 1000, երրորդի` 700:

Առաջին տեղը զբաղեցրել է Tech Squad խումբը: Նա կներկայացնի Հայաստանը Imagine Cup (Երեւակայության գավաթ) միջազգային մրցույթի եզրափակիչում, որը տեղի կունենա Կահիրեում: Մրցույթի մասնակիցները ստացել են նաեւ Microsoft ընկերության ծրագրային ապահովման հավաքածուներ: Այս տարի մրցույթի թեման էր` «Ներկայացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են լուծել համաշխարհային արդի խնդիրները»: Հաղթող-խումբը ներկայացրել էր ծրագիր, որը կօգնի ստեղնաշարի վրա երկար աշխատելուց հետո հանել ձեռքերի լարվածությունը: Թիմի անդամների խոսքերով, ծրագիրն ընդունակ է որոշել աշխատանքի տեսակը եւ շարունակականությունը եւ առաջարկում է համապատասխան վարժություններ: Հետագայում նրանք նախատեսում են ծրագիր մշակել աչքերի, մեջքի եւ պարանոցի լարվածությունը հանելու համար:

Imagine Cup մրցույթը տեղի է ունենում 7-րդ անգամ Microsoft ընկերության աջակցությամբ: Առաջին անգամ Հայաստանը մասնակցել է մրցույթին 2008-ին: Այդ ժամանակ հայկական թիմն աշխարհի տարբեր երկրների 60 թիմերի շարքում զբաղեցրել էր 22-րդ տեղը: Մրցույթը Հայաստանում տեղի է ունենում Հայաստանում Microsoft ընկերության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ: