Ավինյան. Միասնական տոմսային համակարգն այլընտրանք չունի

Ավինյան. Միասնական տոմսային համակարգն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացը հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ու միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման բաղադրիչ է:

Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոցի առկայությունը կամ QR կոդով վճարումը։

Նա նշել է, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս համակարգը միանշանակ այն ուղղությունն է, որն այլընտրանք չունի։

«Այս ընթացքը մեզ ցույց է տալիս, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ ընկալումն ընդհանուր առմամբ երևանցիների մոտ կա: Բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս համակարգը միանշանակ այն ուղղությունն է, որն այլընտրանք չունի: Առաջիկա ավագանու նիստերից մեկի ժամանակ կներկայացվի նաև արտոնությունների փաթեթը: Կլինեն արտոնյալ խմբեր, որոնք կօգտվեն զեղչային համակարգից. դպրոցականներ, թոշակառուներ, հատուկ խմբեր, որոնք իրապես ունեն դրա կարիքը»,- նշել է քաղաքապետը:

Զեկուցվել է, որ եթե հոկտեմբերի 25-27-ը ներառյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից գանձվել է 62 մլն 370 հազար 100 դրամ, ապա նոյեմբերի 1-ից 3-ը ներառյալ այդ ցուցանիշը կազմել է 72 մլն 528 հազար 400 դրամ:

Եթե հոկտեմբերի 31-ին վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR) վճարում է իրականացրել 19 հազար 709 քաղաքացի, ապա նոյեմբերի 1-ին՝ 52 հազար 153 քաղաքացի:

Հունվարի 1-ից նախատեսվում է անցում սպասվող միասնական տոմսային համակարգին։ Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական նիստում հույս է հայտնել, որ մինչև հունվարի 1-ը տրանսպորտի համար 100 տոկոս կմոտենանք անկանխիկ վճարումներին: Նա նշել է, թե հընթացս տրանսպորտի համար վճարման նոր մեթոդներ են առաջանալու:

«Շուտով կլուծվի բանկային քարտերով վճարումների հարցը։ Միասնական տոմսային համակարգն այն ուղղությունն է, որն այլընտրանք չունի։ Շուտով ավագանու նիստերից մեկին կանդրադառնանք արտոնյալ խմբերին, որոնք հանրային տրանսպորտից օգտվելիս ունենալու են զեղչային համակարգ»,-ասել է Ավինյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---