ՀՀ ԱԳՆ-ից հաստատել են՝ Բալայանը մահվան սպառնալիքներ է ստացել․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հարժարվել է մեկնաբանել

ՀՀ ԱԳՆ-ից հաստատել են՝ Բալայանը մահվան սպառնալիքներ է ստացել․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հարժարվել է մեկնաբանել

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատել է, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։

«Այո, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել, ինչ մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Politico պարբերականը հայտնել էր, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի դեմ»։

Նա նշել է, որ այդ հարցով հետաքննություն է ընթանում։

«Դեռևս արձագանք չկա»,- նշել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հրաժարվել է Turan գործակալությանը պարզաբանել Politico-ի հրապարակումը ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Բալայանին ուղղված սպառնալիքները։ Միայն հաստատել է, որ Politico-ն շփվել է Սադիկովի հետ, որն ամեն ինչ ժխտել է։

Պարբերականի հետ զրույցում Սադիկովը հայտարարել է, թե նման մեղադրանքները «ծիծաղելի են դառնում» և որ «հայ դիվանագետներն ինչ ուզում են, թող ասեն»։

Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում, որտեղ Թուրքիայի դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել իր երկրի ազգային օրվա կապակցությամբ և որին 2020–ի պատերազմից հետո առաջին անգամ հրավիրվել էր Հայաստանը։

Ավելի վաղ Սադիկովն անուղղակիորեն սպառնացել էր Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ հորդորելով հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանից, քանի որ 3000 մետրի վրա ադրբեջանցի դիպուկահարներ կան։ Նրա այդ գրառումը քննադատության էր արժանացել։

 Ուշագրավ
---