12 հունիսի 2002 - 23:03 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԲԱՆԱԿՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է ունեցել ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչների հետ: ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հանդիպել է, մասնավորապես` սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Կառլ Լեւինի, սենատի արտաքին գործողությունների ենթակոմիտեի նախագահի տեղակալ Միթչ Մաքքոնելի եւ արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Լինքոլն Չեյֆի հետ: Զրույցների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ, Միացյալ Նահանգների կողմից Ղարաբաղին ցուցաբերվող հումանիտար օգնության եւ 907-րդ ուղղման ժամանակավոր դադարեցման հետ կապված հարցեր: Սենատի անդամները հավաստիացրել են, որ խիստ վերահսկողության տակ կպահեն աշխատակազմի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու գործընթացը: Նրանք նաեւ ընդգծել են, որ առաջիկայում եւս ջանքեր կգործադրեն Լեռնային Ղարաբաղի շահերը պաշտպանելու համար: Նաիրա Մելքումյանը հանդիպել է նաեւ հայկական լոբբիստական կառույցների` Ամերիկայի Հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի ղեկավարների հետ: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պատվին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ընդունելություն է կազմակերպվել հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: