Armenian Card-ը մեկնարկում է ArCa Pay համակարգը

Armenian Card-ը մեկնարկում է ArCa Pay համակարգը

PanARMENIAN.Net - Armenian Card-ը ներկայացրել է հերթական նորարար պրոդուկտը՝ ArCa Pay-ը. դա Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդների միջև հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ, հեշտ ու անվտանգ հարթակ է։

Համակարգին արդեն միացել են Ամերիաբանկը, Evocabank-ը և Կոնվերս Բանկը։ Այսուհետ այս բանկերի հաճախորդները կարող են իրենց բանկային հավելվածներով ակնթարթային գումարներ փոխանցել միմյանց՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։

ArCa Pay-ին միացած բանկերի հաճախորդներն իրենց բանկային հավելվածում իրենք են ընտրում ArCa Pay համակարգով գումարի ստացման հիմնական ֆինանսական կազմակերպությունը։ Ի դեպ, փոխանցումը կարելի է ստանալ ընթացիկ, քարտային կամ հաշվառման հաշվին։

Նոր համակարգի ներկայացման ընթացքում ցուցադրվել է ArCa Pay առաջին փոխանցումը` ազդարարելով համակարգի մեկնարկը։ Դրամական միջոցները ելքագրվել են փոխանցողի բանկային ընթացիկ հաշվից և ակնթարթային մուտքագրվել ստացողի ընթացիկ բանկային հաշվին։ Նշվել է նաև, որ ArCa Pay համակարգով դրամական միջոցների ակնթարթային փոխանցումները բանկերի և վճարահաշվարկային կազմակերպություններին տրամադրվելու են էականորեն ավելի ցածր սակագնով, քան քարտերի միջև կատարվող փոխանցումները, ինչը կհանգեցնի նաև վերջնական սպառողի համար ցածր սակագնի կիրառմանը։

Մոտ ապագայում ArCa Pay համակարգով արդեն իսկ կսկսեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները։

Armenian Card-ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը նշել է. «Որպես վճարումների ազգային համակարգ՝ ArCa-ի նպատակն է զարգացնել այնպիսի հարթակներ ու գործիքներ, որոնց միջոցով մեր գործընկեր բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները կկարողանան մշտապես կատարելագործվող, գերժամանակակից ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին։ ArCa Pay-ը դրանցից մեկն է։ Շուտով ArCa-ն շուկային կներկայացնի ևս մի քանի հետաքրքիր ու պահանջված ծառայություններ»։

Ամերիաբանկի տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր խոսքում նշել է. «Մենք մշտապես կարևորում ենք ծառայությունների շրջանակի ընդլայնումն ու մեր հաճախորդների համար լավագույն թվային փորձառության ապահովումը։ Ուրախ եմ, որ մենք առաջինների թվում ենք միացել նոր համակարգին՝ մեր հաճախորդներին ընձեռելով հեռախոսահամարի միջոցով միջբանկային փոխանցումներ կատարելու հնարավորություն։ Շնորհավորում եմ բոլորիս ArCa Pay—ի գործարկման առթիվ և շնորհակալություն եմ հայտնում համակարգի մշակման գործում ներգրավված մեր բոլոր գործընկերներին»։

Evocabank-ի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է. «Evoca-ն ArCa Pay համակարգին միացող առաջին 3 բանկերից մեկն է: Այսուհետ EvocaTOUCH հավելվածի օգտատերերը կկարողանան հեռախոսահամարով ակնթարթային գումարներ փոխանցել դեպի այլ բանկեր, ինչպես նաև ստանալ գումարներ այդ բանկերից` առանց մյուս կողմի բանկային տվյալները լրացնելու անհրաժեշտության: Սա մեր հաճախորդների համար կհեշտացնի բենքինգը և այն կդարձնի ավելի պարզ ու հարմար` միջազգային լավագույն փորձին համապատասխան: Շնորհավորում եմ բոլորիս՝ ArCa Pay-ի մեկնարկի կապակցությամբ»։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Բանկային ծառայությունների զարգացմանը զուգահեռ փոխվում են Բանկերի հաճախորդների ֆինանսական կարիքներն ու ակնկալիքները. նրանք որոնում են լավագույն ֆինանսական փորձառություն, այդ թվում՝ պարզ, արագ ու անվտանգ փոխանցումների հնարավորություններ: Արդեն մի քանի տարի Converse Mobile հավելվածում հասանելի են Կոնվերս Բանկի հաճախորդ հանդիսացող անձանց հեռախոսահամարով փոխանցումները: ArCa Pay գործիքի ներդրմամբ Կոնվերս Բանկը ընդլայնում է գործիքակազմը՝ Converse Mobile օգտատերերին հնարավորություն ընձեռելով հեռախոսահամարով փոխանցումներ կատարել նաև համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին»:

Armenian Card-ը Հայաստանի ազգային վճարային համակարգն է, որը շարունակաբար ժամանակակից լուծումներ է ներկայացնում իր գործընկերներն` բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին` ապահովելով ՀՀ վճարային համակարգի զարգացումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---