ՄԻՊ․ ՀՀ–ում երեխաների պաշտպանության համակարգը մի շարք խնդիրներ ունի

ՄԻՊ․ ՀՀ–ում երեխաների պաշտպանության համակարգը մի շարք խնդիրներ ունի

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԱԺ–ում հայտարարել է, որ Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը մի շարք խնդիրներ ունի` սկսած ուսումնական հաստատություններում երեխաներին բուլինգի ենթարկելուց, մինչև սեռական բռնության ենթարկված երեխաներին թիրախավորելն ու այդ արատավոր երևույթն արդարացնելը։ Նա ելույթ է ունեցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումներում։

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ոլորտային խնդիրներին` Մանասյանը նշել է, որ առաջին հերթին դրանք վերաբերում են երեխաների նկատմամբ բռնության դեպքերին, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` պետք է անդրադառնալ երեխաների հանդեպ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական և այլ բռնության տեսակներին։

«Անդրադառնալով ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրին` պետք է նշեմ, որ դա շատ լուրջ խնդիր է, քանի որ մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ուսուցիչները, լինելով հիանալի մարդիկ, չունեն այն մասնագիտական հմտությունները, որոնք պետք են այդ և նմանատիկ երևույթները կանխարգելելու համար»,–ասել է Մանասյանը։

Նրա խոսքով` երկրորդ լուրջ խնդիրը երեխաների անձնական տվյալների պաշտպանությանն է վերաբերում, որն ամենօրյա ռեժիմով խախտվում է սոցիալական ցանցերում, ԶԼՄ–ներում։

«Այս ոլորտի խնդիրները հատկապես ակնառու են սեռական բռնության զոհ դարձած երեխաների պարագայում։ Եղել են ԶԼՄ–ներ, որոնք եթե անգամ երեխաների անուն–ազգանունը չեն հրապարակել, հրապարակել են այնպիսի անհատականացնող տվյալներ, որոնց հետևանքով համայնքում ակնհայտ է, թե որ երեխայի մասին է խոսքը։ Ավելին` եղել են դեպքեր, երբ սեռական բռնության զոհ դարձած երեխայի տեղեկատվությունը ներկայացվել է այն համատեքստում, որ երեխան չի փայլել իր վարքով, կարսես արդարացնում են բռնությունը»,–ասել է նա։

Մանասյանը նշել է, որ շատ լուրջ խնդիրներ կան նաև երեխայի կրթության իրավունքի իրացման ոլորտում, սկսած նախադպրոցական կրթությունից, քանի որ դեռ կան մի շարք համայնքներ, որոնք չունեն մանկապարտեզներ։ Խնդիրներ կան նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման տեսանկյունից։ Բազմաթիվ խնդիրներ կան նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի հետ կապված։

ՄԻՊ–ի դիտարկմամբ` համակարգային խնդիրներից է նաև տնային կալանքի տակ գտնվող երեխաների կրթության ապահովումը։

Մանասյանը նշել է, որ լուրջ խնդիրներ են արձանագրել նաև արդարադատության ոլորտում։ Մշտադիտարկումները ցույց են տվել, որ քրեակատարողական հաստատություններում գտնվող, ազատությունից զրկված երեխաների համար չի ապահովվել բնակելի համապատասխան մակերեսը։

Անդրադառնալով հայտնաբերված խնդիրների լուծումներին` Մանասյանը շեշտել է, որ Հայաստանում ամբողջովին պետք է վերափոխվի, բարեփոխվի Խնամակալության և հոգաբարձության ինստիտուտը, քանի որ այդ մարմիններ չունեն պատճաշ հմտություններ երեխաների խնդիրներն արձանագրելու և դրանք հասցեագրելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---