Ուրուգվայից Բաքվին կոչ են արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին

Ուրուգվայից Բաքվին կոչ են արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին

PanARMENIAN.Net - Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին, հայտնում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը։

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը և կարևորում ենք հարգանքը երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին համապատասխան, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների լուծումը։ Այս համատեքստում կոչ ենք անում Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ամենամյա հեղինակավոր համաժողովի՝ COP29-ի հյուրընկալող երկրին, անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին՝ դրանով իսկ ամրապնդելով երկու կողմերի միջև վստահությունը հաշտեցման այս պատմական պահին։ Միաժամանակ, ընդգծում ենք ուժի կիրառման անթույլատրելիությունը և ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից զերծ մնալու կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը չխոչընդոտելու համար».-ասվում է հայտարարության մեջ:

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---