Եվրախորհրդարանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

Եվրախորհրդարանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը կազմակերպել են ԵՄ-ում Հայաստանի ու Ուկրաինայի ներկայացուցչությունները, իսկ Եվրախորհրդարանում այն հյուրընկալել է Չեխիան ներկայացնող պատգամավոր Մարկետա Գրեգորովան։

Վերջինս նշել է, որ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի և արևելյան հարևանների համար Փարաջանովը նշանակալի անուն է, գրում է Արմենպրեսը։

«Հաճախ, երբ խոսքը գնում է անվտանգության մասին, մենք կենտրոնանում ենք սահմանների վրա։ Մինչդեռ սա լավ առիթ է՝ հիշելու նաև մշակութային ժառանգության ու դրա պահպանման կարևորության մասին», - ասել է Գրեգորովան։

Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր ելույթում խորին շնորհակալություն է հայտնել «Կանաչների» խմբակցությանն ու չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովային ցուցահանդեսը հյուրընկալելու համար։ Դեսպանն իր խոսքում նշել է, որ ցուցադրված եզակի նմուշները լայն հանրությանը շատ հայտնի չեն։ Նա նաև երախտագիտություն է հայտնել Երևանում Փարաջանովի տուն-թանգարանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նմուշները տրամադրելու համար։

Տիգրան Բալայանը շեշտել է, որ Հայաստանի նախաձեռնությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-իՀռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ու հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում։

1991-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, որտեղ հավաքված են ռեժիսորի գծանկարները, կոլաժները, մանրանկարներն ու Թբիլիսիի բնակարանից բերված իրերը: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանել է Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---