19 մայիսի 2009 - 23:03 AMT
Մայնի Ֆրանկֆուրտում ընթանում է «Արեւելքի նկարներ» ցուցահանդեսը
Մայնի Ֆրանկֆուրտի Աշխարհի մշակույթների թանգարանում ընթանում է ««Արեւելքի նկարներ» ցուցահանդեսը, որում ներկայացվել են նկարիչների հայտնի հայ ընտանիքի` Սեւրուգյանների , աշխատանքները: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հեսսենի հայկական մշակույթի միության եւ Լորշ եկեղեցու տնօրինության աջակցությամբ:
Անմիջապես Աշխարհի մշակույթների թանգարանում ծրագրի շրջանակներում հայկական թեմատիկային նվիրված տարբեր միջոցառումներ են տեղի ունեցել: Ցեղասպանության ճանաչման գերմանական կոմիտեի ղեկավար դոկտոր Տեսսա Հոֆմանը «Մերձեցում. Հայաստան» թեմայով դասախոսություն է կարդացել, իսկ Գերմանահայկական ընկերության վարչության անդամ, Գերմանիայում հրատարակվող «Հայ-գերմանական նամակագրություն» ամսագրի գլխավոր տնօրեն Րաֆֆի Կանտյանը ելույթ է ունեցել հայ գրականությանը նվիրված զեկույցով: Առաջիկայում նաեւ կներկայացվի երաժշտական ծրագիր, որում երիտասարդ հայ երաժիշտները կկատարեն հայտնի հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին պատմել է Գերմանիայում հայկական եկեղեցու թեմի վարդապետ Սերովբե Իսախանյանը:
Սեւրուգյանների ընտանիքը Իրանից է: Նրանց նկարների թեմատիկան հիմանկանում կապված է Պարսկաստանի հետ, քանի որ նրանք եղել են պարսից շահի արքունի նկարիչները: Սակայն նրանց աշխատանքների մի ողջ շարք նվիրված է երգիչ-աշուղ Սայաթ-Նովային: