Թևանյան․ Տրանսպորտի թանկացման դեմ 17,000 ստորագրություն կա՝ պահանջվածից կրկնակի ավելի

Թևանյան․ Տրանսպորտի թանկացման դեմ 17,000 ստորագրություն կա՝ պահանջվածից կրկնակի ավելի

PanARMENIAN.Net - Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարի շրջանակում «Մայր Հայաստան» դաշինքի կազմակերպած ստորագրահավաքի շրջանակում հավաքվել է 17 հազար ստորագրություն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով առաջիկա անելիքները։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ եթե Երևանում գրանցված ընտրական իրավունք ունեցողների 1%-ը ստորագրում է որևէ նախաձեռնության տակ, ապա նախագիծը մտնում է Երևանի ավագանու նիստի քննարկման։

Թևանյանն ընդգծել է, որ այդ թիվը պահանջվածից կրկնակի ավելի է, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք տրանսպորտի վերաբերյալ մեր նախագիծը ներկայացրինք մեր քաղաքացիներին ու հավաքեցինք 17,000 ստորագրություն, բայց անհրաժեշտ էր մոտ 8200 ստորագրություն։ Մենք այս քայլով նաև ավելի լայն իրազեկում ենք իրականացրել, ինչպես նաև ավելի բարձր մասնակցություն ապահովել քաղաքացիների համար։ Օրենքը նախատեսում է․ եթե նախագիծը քաղաքացիների անունից է լինում (ինքն էլ որպես քաղաքացի է նախաձեռնող հանդիսացել-խմբ․) ու այն մերժվում է, ապա հարցը կարող է դրվել հանրաքվեի։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի Երևանում գրանցված ընտրական իրավունք ունեցողների 10%-ի ստորագրությունը»,- նշել է նա։

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում, որոնց համաձայն մեկ ուղևորության գինը կկազմի 300 դրամ։ Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավարն էլ ներկայացրել է իրենց առաջարկները։

«Մենք առաջարկում ենք, որպեսզի միակողմանի տոմսի գինը նույնը մնա բոլոր տրանսպորտային միջոցների դեպքում։ Իշխանություններն առաջարկում են, որ 1 օրում մարդը պետք է 8 ուղևորություն անի ու դրա համար վճարի։ Խելագարության կանխավարկած է, կարուսե՞լ են նստելու։ Մենք առաջարկում ենք, եթե քաղաքացին ցանկանա մեկ օրվա փաթեթ գնել, ապա այն արժենա 400 դրամ ու 4 անգամից ավելի, եթե հարկ լինի օգտվել տրանսպորտից, ապա 100 դրամից էլ էժան կլինի ուղեվարձը։ 7 օրվա դիմաց մենք առաջարկում ենք 2000 դրամանոց փաթեթ, 30 օրվա դեպքում՝ 5500 դրամ, 1 տարվա համար՝ 35,000 դրամ։ Եռամսյա փաթեթ մենք չենք առաջարկում, փոխարենը կլինի կես տարվա փաթեթ՝ 20,000 դրամով»,- ասել է Թևանյանը։

Ներկայում ավտոբուսով և մետրոյով երթևեկելու մեկ ուղևորությունն արժե 100 դրամ, տրոլեյբուսով՝ 50 դրամ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---