ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջ

ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարը Մալթայում տեղի ունեցած հանդիպմանը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջ։ Նրանք գոհունակությամբ նշվել են ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ձևավորման շուրջ քննարկումների ակտիվ դինամիկան, անդրադարձ է կատարվել դրա հիմնական, այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային, բնույթի բաղադրիչներին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ փոխգործակցության հնարավորությունները՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով տարբեր ուղղություններով համագործակցությանը նոր խթան հաղորդելու պատրաստակամությունը։

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցում գրանցված դրական առաջընթացին՝ նախարար Միրզոյանը շեշտել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։

Որպես խաղաղության օրակարգի արդյունավետ կյանքի կոչման կարևոր գրավական՝ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին։

Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

 Ուշագրավ
---