Նախարար․ Պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվի

Նախարար․ Պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվի

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով պատմության դասագրքի շուրջ քննարկումներին, ասել է, որ պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվելու՝ պատմությունն ու բովանդակությունը մնում են նույնը, վերանայվում է մոտեցումը, հայտնում է Արմենպրեսը։

Նախարարը հիշեցրել է, որ որոշում է կայացվել, որ առարկան կկրի «Հայաստանի պատմություն» անվանումը։ Նա ընդգծել է, որ իրենց պատկերացրած որակի ու ստանդարտի դասագրքեր ունենալու համար անհրաժեշտ է ժամանակ:

«Բայց ինչ վերաբերվում է գաղափարական խնդիրներին, ապա պետք է վստահ լինենք, որ դրանք փոփոխությունների չեն ենթարկվելու։ Այստեղ մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք նշել ենք՝ պետությունն ու պետականությունն այն առանցքն են, որոնց շուրջ պետք է հավաքվի մեր պատմությունը: Սա նշանակում է, որ մեր ամբողջ պատմությունն ու բովանդակությունը մնում են նույնը, վերանայվում է մեր մոտեցումը՝ կախված նրանից, թե, օրինակ, պատմանական որևէ իրադարձություն ինչպե՞ս է ազդել պետության զարգացման կամ չզարգացման վրա: Այսինքն, մենք պետք է վերանայենք մեր մոտեցումն այդ իրադարձություններին։ Սա մեր քաղաքականությունն է, որի ուղղությամբ առաջ ենք գնալու»,-ասել է Անդրեասյանը:

Նախարարը նաև շեշտել է, որ Հայաստանում դասագրքերի ստեղծման նորմալ պրակտիկա տարիներ շարունակ չի եղել: Մինչ այս փոփոխությունները՝ վերջին 15 տարիներին, այս ոլորտով խորքային չեն զբաղվել, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ այս փոփոխությունների արդյունքում անհնար է ստանալ իդեալական որակ միանգամից բոլոր ուղղություններում:

Նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն էլ, անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքին, նշել է, որ, հաշվի առնելով մասնագիտական հանրույթի առաջարկները, հեղինակն այդ առաջարկերը վերցրել է և դասագրքի էլեկտրոնային տարբերակում իրականացրել է համապատասխան խմբագրումներ, փոփոխություններ և վրիպակների շտկումներ:

«Դասագրքի էլեկտրոնային տարբերակը հասանել է և փոխանցվել է դպրոցներին: Դասագրքի վերահրատարակության ժամանակ բոլոր փոփոխությունները, որոնք էլեկտրոնային տարբերակում արվել են, կարտացոլվեն նաև տպագրված տարբերակում»,- ասել է նա:

Սարգսյանի խոսքով՝ դասագիրքը տպագրվել է 2023 թվականին և կօգտագործվի դեռևս երկու ուսումնական տարի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---