20 մայիսի 2009 - 14:16 AMT
Սերգեյ Մովսիսյանն ավարտել է ելույթները «Բոսնիա-2009» գերմրցաշարում` զբաղեցնելով 4-րդ տեղը
Բոսնիա եւ Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաեվոյում ավարտվել է շախմատի «Բոսնիա-2009» 39-րդ գերմրցաշարը: Սլովակիան ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը մրցաշարի արդյունքում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Հայ շախմատիստը 2 հաղթանակ է տարել, 6 անգամ ոչ ոքի է խաղացել եւ երկու անգամ պարտություն է կրել` հավաքելով 5 միավոր:

Շախմատիստները միմյանց դեմ երկուական պարտիա են խաղացել:

Համոզիչ հաղթանակ է տարել ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովը, որը հավաքել է 7 միավոր: Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսել են բոսնիացի Բորկի Պրեդոեվիչն ու չինացի գրոսմայստեր Վան Հաոն, որոնք հավաքել են 5,5 միավոր: 5-րդ տեղը 4 միավորով զբաղեցրել է հնդիկ շախմատիստ Արի Կրիշնա Պենտալը, իսկ մրցաշարային աղյուսակը 3 միավորով եզրափակում է Բոսնիայի եւս մեկ ներկայացուցիչ Իվան Սոկոլովը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 10 500 եվրո է, որից 1-ին տեղի համար հատկացվել է 3000 եվրո, 2-ի համար` 2 500, իսկ 3-ի համար`2000, 4-ի համար` 1500, 5-ի` 1000 իսկ 6-ի համար` 500 եվրո:

Մրցաշարի միջին վարկանիշը 2691 կետ է: