Փաշինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

Փաշինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:

Դեկտեմբերի 5–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

Մինչդեռ միայն վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ մի շարք պահանջներ են ներկայացրել ՀՀ–ին՝ ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հնչեցրած՝ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պահանջից բացի, ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ–ում խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, իսկ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևն էլ հայտարարել է, թե ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ–ում պետք է ավարտվի։

 Ուշագրավ
---