Զուրաբյան․ Բաքվի ագրեսիայի դեպքում ՀՀ–ին կպաշտպանի Ռուսաստանը, ոչ թե Արևմուտքը

Զուրաբյան․ Բաքվի ագրեսիայի դեպքում ՀՀ–ին կպաշտպանի Ռուսաստանը, ոչ թե Արևմուտքը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանի միայն Ռուսաստանը։

Քաղաքական գործիչը վստահ է, որ հենց այդ պատճառով էլ իշխանությունները չեն շտապում դե յուրե դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ չնայած անդամակցության հայտարարված սառեցմանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ 2022թ․ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի պահվածքի լույսի ներքո հայ հասարակության մեջ կա որոշակի դժգոհություն և թյուրըմբռնում: Բայց հարցն այն է, թե ինչպես են իշխանություններն օգտագործում հայ հասարակության այդ արձագանքը։

«Պատճառը, թե ինչու է Փաշինյանը հայտարարում ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, բայց շարունակում լինել ՀԱՊկ-ում, միանգամայն պարզ է։ Նա շատ լավ գիտի, որ ՀԱՊԿ-ը և մասնավորապես Ռուսաստանը, այնուամենայնիվ, պատասխանատվություն են կրում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար։ Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր ներխուժումը՝ Զանգեզուրի միջանցքը գրավելու նպատակով, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ եթե կա ուժ, որը դիմակայելու է այդ ագրեսիային, լինելու են ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, մասամբ նաև Իրանը»,- նշել է Զուրաբյանը։

Նա հավելել է, որ Փաշինյանը շատ լավ գիտի, որ Արևմուտքը չի միջամտելու ո՛չ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների, ո՛չ էլ Հայաստանին զենք-զինամթերք մատակարարելու տեսքով։ Արևմուտքը շարունակում է Ադրբեջանին դիտարկել որպես տարածաշրջանում հնարավոր գործընկեր Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարում։

Եվ սա, Զուրաբյանի կարծիքով, միակ շարժառիթն է, որի պատճառով Փաշինյանը դուրս չի գալիս կազմակերպությունից։ Բայց այն, ինչ նա հիմա անում է, ոչ մի տրամաբանական բացատրություն չունի, օրինակ` ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցել կամ չօգտագործել վետոյի իրավունքը, և այլն։

«Ինչո՞ւ չեք գնում, ակտիվ մասնակցում, ձեր հարցերը պարտադրում։ Իմաստը ո՞րն է, ընդամենն ուզում են Հայաստանի տարածքային ամբողջականության համար ֆորմալ պատասխանատվությունը պահել ՀԱՊԿ-ի համար, մնացած հարցերով ինտեգրվել Արևմուտքի հետ։ Էս ի՞նչ քաղաքականություն է։ Նորից նիկոլական քաղաքականություն է»,- հայտարարել է նա։

Զուրաբյանը նման մարտավարությունը համարում է պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ին անդամության հարցում, հավանաբար, անցել ենք անդառնալիության կետը:

 Ուշագրավ
---