Կիրակոսյան․ Միջազգային դատարանները շատ կարևոր են՝ միակ գործիքն են, որ ունենք

Կիրակոսյան․ Միջազգային դատարանները շատ կարևոր են՝ միակ գործիքն են, որ ունենք

PanARMENIAN.Net - Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ միջազգային դատարանները շատ կարևոր են՝ միակ գործիքն են, որ ունենք։

«Միջազգային դատարանները շատ կարևոր են անվտանգություն ու խաղաղություն սահմանելու համար, քանի որ սրանք միակ այն գործքներն են, որոնք մենք ունենք»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, Հայաստանում մարդիկ այնքան էլ լավ չեն պատկերացնում Հռոմի ստատուտին միանալու պատճառները, որովհետև ակնկալիքներն այս միացումից բավականին բարձր էին։

«Բայց սա բավականին սպեցիֆիկ է, պետք է մարդկանց բացատրել, թե ինչ է անում այդ դատարանը։ Ես հավատում եմ, որ Միջազգային քրեական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ մեծ ազդեցություն են ունենալու, թե ինչպես է այդ երկիրն իրեն պահում, քանի որ Միջազգային քրեական դատարանը նաև ցույց է տալիս անհատական քրեական պատասխանատվություն մարդկանց համար, ովքեր ղեկավարում են այդ երկրները։ Կարծում եմ՝ այս օրենսդրությունը կարող է ունենալ շատ ավելի լավ ազդեցություն երկրի պահվածքի վրա»,- ասել է Կիրակոսյանը։

Նա նաև ասել է, որ Հայաստանի նկատմամբ կա ռասայական խտրականություն, ատելության խոսքի տարածում, հայտնում է «Առավոտը»։

Նա լավատես չէ, թե այս հարցը միանգամից կլուծվի, և այդ խտրականությունն իրականացնող երկիրը հրաշքով կձևափոխվի դեպի իդեալական օրենքներ ունեցող երկրի։ Ըստ նրա՝ խնդիրը միջազգային իրավունքի ոտնահարումն է։

Երևանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը։ Ելույթներ են ունեցել ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը։

 Ուշագրավ
---