21 մայիսի 2009 - 14:49 AMT
«ԱրմենՏել»-ի նորանշանակ տնօրենը կզբաղվի հաճախորդների սպասարկման որակի բարձրացմամբ
Առաջին հերթին «ԱրմենՏել»-ը կզբաղվի ծառայությունների տրամադրման կետերում սպասարկման որակի բարձրացմամբ, լրագրողներին հաղորդել է «ԱրմենՏել» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հասարակայնությանն իր պաշտոնական ներկայացմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: «Հայաստանում իմ գտնվելու երկու շաբաթվա ընթացքում բավականին խիտ ժամանակացույց եմ ունեցել. բազմաթիվ ճանաչողական եւ աշխատանքային հանդիպումներ են կայացել բազմաթիվ մարդկանց հետ, այդ թվում նաեւ, ես այցելել եմ ընկերության հաճախորդների սպասարկման կետեր եւ ինձ չի գոհացրել այդ կենտրոններում սպասարկման որակը», - ասել է նա:

Կլիմկոն մատնանշել է, որ Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում նա իրեն հարմարավետ է զգում եւ պատրաստ է իրականացնել իր հավակնոտ ծրագրերը: «Այդքան հեշտ դուք ինձանից չեք ազատվի», - լրագրողներին հայտարարել է նա:

«Վիմպելկոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը, իր հերթին, հաղորդել է, որ «ԱրմենՏել»-ը ծրագրում է Հայաստանում սոցիալական ուղղվածությամբ հաղորդակցային ընկերության (ինչպես հայտնի է, այժմ որպես այդպիսին հանդս է գալիս ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը) առաջատար դիրք զբաղեցնել: Բացի այդ, նրա խոսքերով, որոշակի դիրք զբաղեցնելով ցանկացած երկրում, «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն իր առջեւ ստանդարտ խնդիր է դնում. դառնալ համաշխարհային մակարդակի սպասարկող ընկերություն, համաշխարհային ճգնաժամի պայմաններում բարձրացնել գործառնությունների արդյունավետությունը, մեծացնել cash-flow-ն, մարել ընկերության պարտքերը, Հայաստանի տեսանկյունից կա եւս մեկ ասպեկտ` բացի բջջային կապից, նաեւ ֆիքսված կապի բիզնեսի զարգացումը: