21 մայիսի 2009 - 19:22 AMT
Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել արտահանման կոնսորցիումներ
Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել արտահանման կոնսորցիումներ, այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: «Տվյալ պահին, երբ անհրաժեշտ է ստեղծել սպառման նոր շուկաներ, անհրաժեշտ է միավորվել, մասնավորապես փոքր ընկերությունների համար, որպեսզի համատեղ ջանքերով հասնենք նոր արդյունքների` սպառման շուկայում առաջ գնանք»,- ասել է նա: Նրա խոսքերով, UNIDO գործակալության հետ միասին Գործակալությունը արտահանման կոնսորցիումի ստեղծման նախագիծ է մշակել: Բացի դրանից, նախագծի մշակմանը մասնակցել է Պանիր արտադրողների ասոցիացիան, ավելացրել է նա:

Ինչպես հայտնել է Հարությունյանը, այսօր Հայաստանում գործում են 70 արտադրողներ, ինչպես նաեւ գյուղական համայնքներում ոչ մեծ մասնավոր արտադրություններ: «Անհրաժեշտ է միավորել նրանց մեկ ընդհանուր բրենդի մեջ եւ ներկայացնել հայկական պանիրը համաշխարհային շուկայում»,- ասել է Հարությունյանը:

ԶՀԳ կանխատեսումներով նման կոնսորցիումի ստեղծումը թույլ կտա պանրի արտահանումը մեծացնել 3 անգամ: «Եթե հիմա մենք պաշտոնական տվյալներով արտահանում ենք մեկ տարում 400 տ պանիր, ապա արտահանման կոնսորցիումի շրջանակներում այդ ցուցանիշը կարող է աճել 3 անգամ եւ կազմել մեկ տարում 1200-1400 տ»,- ասել է նա:

Նախատեսվում է, որ կոնսորցիումը ստեղծվելու է պետության, բաժնեմասային մասնակցությամբ (50 տոկոս), եւ Պանիր արտադրողների ասոցացիայի աջակցությամբ: Հետագայում, պետությունը աստիճանաբար վաճառելու է կոնսորցիումի իր բաժինը, որը կդառնա անկախ կառույց, հաղորդել է գլխավոր տնօրենը: Բացի դրանից, նրա խոսքերով, արտահաման կոնսորցիումը պետք է հագեցած լինի սեփական լաբորատորիայով, լոգիստական տրանսպորտային հանգույցով, արտադրական գծով, փաթեթավորման արտադրամասով, ինչը թույլ կտա նրան արտադրել բարձրորակ արտադրանք որակի համաշխարհային չափանիշներին համապատասխան, եւ արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում: