22 մայիսի 2009 - 17:53 AMT
Հայաստանը պատրաստ է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության անցկացմանը
Մայիսի 23-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մեկնարկում է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի տվյալներով, առաջնությանը ժամանելու են 48 երկրների հավաքականներ, իսկ մարզիկների թիվը հասնում է 301-ի: Բռնցքամարտի ԱԱ կապակցությամբ, որն առաջին անգամ անցկացվում է Երեւանում, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան մամլո ասուլիս է հրավիրել, որի ժամանակ ՀԲՖ նախագահ Արման Մուրադյանը լիակատար պատրաստակամություն է հայտնել պատվով անցկացնելու պատանիների ԱԱ:

«Բոլոր տեխնիկական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնացել են միայն աննշան թերություններ, որոնք մենք կշտկենք մինչեւ վաղը: Ես հուսով եմ, որ մոր ժողովուրդը կօժանդակի հայ պատանիներին առաջիկա առաջնությանը»,- նշել է Մուրադյանը:

ԱԱ անցկացնելու համար Հայաստանի պատրաստականության բարձր մակարդակը նշել է նաեւ ԱԻԲԱ տեխնիկական պատվիրակ Օսվալդո Բիսբալը` ընդգծելով, որ ապագայում Հայաստանում կարելի է անցկացնել նաեւ ազգային հավաքականների Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները:

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն իր հերթին նշել է, որ առաջնությունը սպասարկելու են միջազգային կարգի 32 մրցավարներ:

«Մենք ունեցել ենք մրցավարների հետ կապված խնդիրներ: Նախնական պայմանավորվածությամբ առաջնությունը պետք է սպասարկեին 28 մրցավարներ, այդ թվում` երկու հայ մրցավար: Բայց Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Թերրի Սմիթի հետ մեր բանակցությունների արդյունքում ԱԻԲԱ-ն մեզ ընդառաջ գնաց ու միջազգային կարգի եւս 4 մրցավար հատկացրեց` Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից եւ Սիրիայից, որոնց հավաքականները չեն մասնակցում այդ առաջնությանը»,- նշել է Գաբրիելյանը:

Գաբրիելյանը նաեւ նշել է, որ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան հրավերներ է հղել Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կազմի մեջ բոլոր երկրներին, սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով շատերը հրաժարվել են մասնակցությունից, իսկ որոշներն իրենց հայտերը հետ են վերցրել ամենավերջին պահին: