22 մայիսի 2009 - 22:04 AMT
Հայ դպրոցականներն «Եգիպտոսն աշխարհի երեխաների աչքերով» գեղանկարչական մրցույթի ոսկե մրցանակակիրներն են
Հայաստանից 15 դպրոցականներ պարգեւատրվել են մեդալներով ու պատվոգրերով «Եգիպտոսն աշխարհի երեխաների աչքերով» գեղարվեստական մրցույթին մասնակցելու համար: 2008 մրցույթի արդյունքներով, որն այս տարի անցել է Եգիպտոսի առաջին տիկին Սյուզան Մուբարաքի հովանավորությամբ, հայաստանցի 4 դպրոցականներ պարգեւատրվել են ոսկե, իսկ 2-ը` արծաթե մեդալներով:

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում Հայաստանում Եգիպտոսի դեսպան Վահիդ Գալալին հանդիսավոր կերպով մեդալներ ու դիպլոմներ է հանձնել մրցույթի բոլոր հայ մասնակիցներին: Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 3 աշակերտ եւ Արմավարի մարզի կերպարվեստի դպրոցի մեկ աշակերտ պարգեւատրվել են ոսկե մեդալներով, իսկ Երեւանի եւ Արմավիրի գեղարվեստական դպրոցների երկու աշակերտներ արժանացել են արծաթե մեդալների: Մրցույթի մյուս հայ մասնակիցներին հանձնվել են դիպլոմներ եւ հուշանվերներ:

«Հաճելի է տեսնել, որ Հայաստանում գործում են կերպարվեստի դպրոցներ, որոնք նման տաղանդավոր երեխաներ են դաստիրակում: Ես վստահ եմ, որ հետագայում այսօր պարգեւատրված երեխաների անունները կհայտնվեն համաշխարհային ճանաչում ունեցող վարպետների աստղաբույլում»,-ասել է Վահիդ Գալալին պարգեւատրության արարողությունից հետո:

«Եգիպտոսն աշխարհի երեխաների աչքերով» միջազգային մրցույթին մասնակցել են ավելի քան 20 երկրների պատանի նկարիչներ: Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ մշակութային համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էին հայ պատանի նկարիչների 15 աշխատանքներ Հայաստանի տարբեր մարզերից: