22 մայիսի 2009 - 22:17 AMT
Հունգարիան կօգնի Հայաստանին միանալու եվրոպական ընտանիքին
Մայիսի 22-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշի գլխավորած պատվիրակությանը:

Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ արձանագրեց հայ-հունգարական հարաբերություններում նկատվող աշխուժացումը` միաժամանակ նկատելով, որ բավական պասիվ է երկու երկրների խորհրդարաների միջեւ համագործակցությունը: Հ. Աբրահամյանն ընդգծեց, որ ինքը, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է այդ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը վճռական է տրամադրված եւ օգտվելու է քաղաքական ու տնտեսական արդիականացման այդ գործընթացում Եվրամիության ընձեռած բոլոր հնարավորություններից:

Հունգարական կողմն իր հերթին հայտնեց իր պատրաստակամությունն օգտակար լինել եւ աջակցել Հայաստանին` եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհին սխալներից զերծ մնալու գործում, հաղորդում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը: