22 մայիսի 2009 - 22:27 AMT
Հայաստանի ԿԲ շարունակում է վերաֆինանսավորման տոկոսադրույթի նվազեցումը` մինչեւ 6,25 տոկոս
2009 թ. մայիսի 22-ի նիստում Հայաստանի Կենտրոնական Բանկի Խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով` սահմանելով այն 6.25%:

Ինչպես նշվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ, Խորհուրդը փաստեց, որ գնաճի ընթացիկ զարգացումները համահունչ են նախանշված ուղղություններին եւ կանխատեսվող հորիզոնում այն կպահպանվի նպատակային միջակայքի սահմաններում:

Խորհուրդը միակարծիք է, որ համաշխարհային պահանջարկի շարունակվող կրճատման հետեւանքով արտաքին եւ ներքին շուկաներում ձեւավորված ցածր գնաճային միջավայրի պահպանման, ինչպես նաեւ կանխատեսվածից ավելի խորը տնտեսական անկման պայմաններում, 2009 թ. մարտի սկզբին ազգային արժույթի արժեզրկման արդյունքում գնաճի` նպատակային թիրախը գերազանցելու ռիսկերի հետագա դրսեւորումները քիչ հավանական են:

Խորհուրդը գտնում է, որ ստեղծված իրավիճակում առավել արդյունավետ է տնտեսական աճի աջակցման քաղաքականությանը նպաստել դրամավարկային պայմանների կտրուկ թուլացմամբ` ինչպես տոկոսադրույքների իջեցման, այնպես էլ առավել ակտիվ ծավալային ընդլայնում իրականացնելու միջոցով: