10 հունիսի 2002 - 23:17 AMT
ԲԱՔՎՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՐԾԱՐԾԵԼ ԴԱՇՏԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՉՈՐՍ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆՁՆՄԱՆ ԹԵՄԱՆ
Ադրբեջանական աղբյուրները շարունակում են պնդել, թե իբր անցյալ շաբաթ Սթրասբուրգում ձեռք է բերվել պայմանավորվածություն` հայկական ուժերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկման տակ գտնվող դաշտային Ղարաբաղի չորս շրջանների Ադրբեջանին հանձնման մասին: Այդ տեղեկությունների միանշանակ հերքումը, որը հնչել է ուրբաթ օրը Հայաստանի արտաքին գործերի մամուլի քարտուղարի կողմից, Բաքվում գնահատել են որպես գաղտնապահության պահպանման ձգտում: «Անպայման, հաշվի առնելով Սթրասբուգում Վ. Օսկանյանի վարած բանակցությունների գաղտնիության բնույթը, միամտություն կլիներ սպասել հայկական կողմի այլ պաշտոնական վերաբերմունքի»,- գրում է Ադրբեջանի «525-րդ» թերթը: Բաքվի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլու կարծիքով` «Եվրախորհրդի վերջին առաջարկությունները Ադրբեջանի համար կարելի է ընդունելի համարել»: Նրա խոսքերով` չորս շրջանների ազատագրման դեպքում «մնացած գրավված տարածքների պահպանումը ձեռնտու չի լինի Հայաստանի համար, քանզի դա կհանգեցնի նոր շրջափակման»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: