23 մայիսի 2009 - 11:58 AMT
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ այլ հակամարտություններից ամենասուրն է:
«1993թ. կեսից մինչեւ 1994թ. մայիս ամիսը ընդհանուր առմամբ վեց անգամ կարճատեւ հրադադար էր ձեռք բերվել, ընդ որում, այդ մասին պայմանավորվել են Բաքուն եւ Ստեփանակերտը`Ռուսաստանի միջնորդությամբ: Դրանք երկկողմանի փաստաթղթեր են եղել, առանց Երեւանի մասնակցության»: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ, ռուսական միջնորդական առաքելության ղեկավար, 1992թ. ապրիլից 1996թ. սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի մասնակից Վլադիմիր Կազիմիրովը:

Նրա խոսքերով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում երկարատեւ զինադադարի համաձայնություն հնարավոր եղավ ձեռք բերել Ռուսաստանի աջակցությամբ, որն ի սկզբանե գերակա էր համարում մասսայական արյունահեղության շտապ դադարեցումը:

Դիվանագետը բացառում է հիմնախնդրի ռազմական լուծումը: Նրա կարծիքով միջազգային հանրության արձագանքը ռազմական գործողությունների վերսկսմանը բացասական է լինելու:

«Հազիվ թե ռազմական գործողությունները լուծեն խնդիրը. անխոհեմության գալարի նոր պտույտը կանցնի եւ կողմերը վաղ թե ուշ կրկին ստիպված կլինեն նստել բանակցային սեղանի շուրջ, իսկ կորուստները բավականին մեծ կլինեն: Կողմերի ուժերի մոտավոր հավասարությունը արդեն խոսում է այն մասին, որ այստեղ բլից-կրիգ(կայծակնային պատերազմ) չի լինելու, ինչպես եղավ Սերբական Կրաինայում»,- նշեց դիվանագետը` ավելացնելով, որ հազիվ թե միջազգային արենայում գտնվեն խոշոր ուժեր, որոնք կնպաստեն ռազմական գործողություններին:

Վլադիմիր Կազիմիրովի կարծիքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը շատ այլ հակամարտություններից ամենասուրն է:

«Այն մեծ նախապատմություն ունի եւ հիմնովին ծանրաբեռնված է դրանով: Այսինքն, տվյալ դեպքում խնդիրը անհամեմատ ավելի բարդ է, քան վերացումը այս հակամարտության մեջ փոխադարձ հավակնությունների: Խոսքը ոչ միայն հակամարտությունը մարելու մասին է, այլ անհրաժեշտ է ինչ որ ձեւով վերջ դնել դարավոր թշնամանքին եւ հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումներին, ելք գտնել նրանց պատմական հաշտեցման համար»:

Դիվանագետը կարծում է, որ վերջին տասնամյակներում տարածաշրջանի նշանակությունը ակնհայտորեն մեծացել է:

«Տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի եւ միաժամանակ չափազանց պայթյունավտանգ է: Տարածաշրջանի այս բնութագրերը ստիպում են ծայրաստիճան զգույշ գործել»,- ընդգծեց Վլադիմիր Կազիմիրովը: