Փաշինյանը Շոլցին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին

Փաշինյանը Շոլցին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին

PanARMENIAN.Net - Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:

Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ համատեքստում մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին:

Կանցլեր Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և կարևորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը:

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։

 Ուշագրավ
---