Իր գլխավոր թշնամիների թվում Ադրբեջանը նշել է Հայաստանին, Ռուսաստանին եւ Իրանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Զերկալո» թերթը հարցում է կատարել հասարակայնության ներկայացուցիչների շրջանում` պարզելու համար, թե որ երկրներն են բարեկամ հանդիսանում Ադրբեջանի համար, եւ որոնք` թշնամի: Ինչպես գրում է թերթը, երկրի հասարակայնության ներկայացուցիչների կարծիքներն այդ առնչությամբ շատ տարբեր են: Միանշանակ Ադրբեջանի բարեկամների թվում առաջին տեղում է Թուրքիան, իսկ թշնամիների թվում է Հայաստանը: Գրեթե բոլոր պատասխաններում թշնամիների շարքում երկրորդ տեղը կիսում են Իրանն ու Ռուսաստանը:



Ռազմական փորձագետ Իլդիրիմ Մամեդովը բարեկամների թվին դասել է Թուրքիային, Պակիստանին եւ Հյուսիսային Կիպրոսին: Ադրբեջանի թշնամիների թվին նա դասել է Ռուսաստանին եւ հետո միայն Հայաստանին: Մամեդովն իր երկրի թշնամիների շարքում երրորդ տեղը տվել է Իրանին: Նրա հետ համաձայն է իրավապաշտպան Էլդար Զեյնալովը, ով թշնամիների շարքում դասում է Հայաստանին, իսկ Իրանին եւ Ռուսաստանին անվանում է կասկածելի բարեկամներ:



Ինչպես հարցման ենթարկվածներից շատերը, «Ենի նեսիլ» լրագրողական կազմակերպության նախագահ Արիֆ Ալիեւն Ադրբեջանի թշնամիների շարքում թվել է Հայաստանը, Իրանն ու Ռուսաստանը, հենց այդ հերթականությամբ: Իրանին չի վստահում եւ ոչ բարեկամական երկիր է համարում նաեւ իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Նա ասել է հետեւյալը. «Մեր առաջին եւ երկրորդ թշնամին Հայաստանն է, այնուհետեւ Իրանը»: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա իրավապաշտպանը դժվարացել է որոշել թշնամի է այն, թե բարեկամ, - նրա խոսքերը մեջ է բերում «Զերկալոն»:



Հայտնի փաստաբան Իսահան Աշուրովը, ինչպես եւ հարցման բոլոր մյուս մասնակիցները, երկրի առաջին բարեկամ համարում են Թուրքիային: Նա, մյուսների պես, կարծում է, որ Հայաստանի առաջին թշնամին Հայաստանն է, իսկ Ադրբեջանին չեն համակրում Իրանն ու Ռուսաստանը:



Հարցման գրեթե բոլոր մասնակիցները համակարծիք են, որ եթե չլինեին Վրաստանի ազգայնամոլները, ապա այդ երկիրը կհավակներ բարեկամների շրջանում երկրորդ կամ երրորդ տեղին: Այդ մասին իր այսօրվա հոդվածում գրում է «Զերկալո» թերթը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---