ՀՀ–ում 10 տարում 15-17 տարեկանների շրջանում չարորակ նորագոյացությունների առաջնակի հիվանդացությունն աճել է 135.9%-ով

ՀՀ–ում 10 տարում 15-17 տարեկանների շրջանում չարորակ նորագոյացությունների առաջնակի հիվանդացությունն աճել է 135.9%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2013-2023 թթ. ընթացքում 15-17 տարեկան դեռահասների շրջանում չարորակ նորագոյացությունների առաջնակի հիվանդացության ցուցանիշը աճել է 135.9%-ով (9.2-ից մինչև 21.7/ 100,000), իսկ 0-14 տարեկան երեխաների շրջանում այն մնացել է գրեթե նույնը (2013թ.- 8.4, 2023թ.- 8.7/100,000), հայտնում է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային «Հերացի» գիտահետազոտական կենտրոնը։

Փետրվարի 15-ը նշվում է որպես Երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Այն գլոբալ նախաձեռնություն է՝ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը մանկական քաղցկեղի վերաբերյալ և աջակցելու հիվանդ երեխաներին, դեռահասներին ու նրանց ընտանիքներին։

Մանկական ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային խորհրդանիշը ոսկեգույն ժապավենն է, որը խորհրդանշում է երեխաների անգնահատելի արժեքն իրենց ծնողների համար։ Սակայն մանկական քաղցկեղը միայն առողջապահական համակարգի կամ առանձին ընտանիքների խնդիրը չէ: Պետության ջանքերի հետ մեկտեղ կարևորվում է նաև գործարար համայնքի, բարեգործական կազմակերպությունների և քաղաքացիների աջակցությունը:

Հայաստանում մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակները նույնպես լեյկոզներն են ու լիմֆոմաները։ Դրանք ախտորոշվում են շուրջ 50% դեպքերում։ Մանկական սոլիդ ուռուցքների թիվը կազմում է տարեկան 40-50 դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպում են կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները և երիկամի ուռուցքները։

«Ցավոք, մեր երկրում մինչ օրս առկա են մանկական ուռուցքաբանական հիվանդությունների բուժման վերաբերյալ որոշակի կարծրատիպեր։ Դրանցից մեկը այն կարծիքն է, որ երեխայի փրկությունը հնարավոր է միայն արտերկրում։ Այս կարծրատիպը ձևավորվել է հետխորհրդային շրջանի սկզբում, երբ Հայաստանում հասանելի չէին արդյունավետ ախտորոշման մեթոդներ, իսկ դեղորայքի մեծ մասը անհասանելի էր թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես։

Սակայն մի քանի տարի առաջ բոլոր ծառայությունները համակցվեցին Հեմատոլոգիայի կենտրոնում, և հիմնադրվեց Մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կենտրոնը, որտեղ երեխաները ստանում են լիովին անվճար բուժում։ 2018 թվականից ՀՀ-ում հասանելի է դարձել ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։

Կենտրոնում գործում են երկու բաժանմունք՝ մանկական հեմատոլոգիայի և ուռուցքաբանության։ Առկա է նաև ամոքիչ խնամքի հնարավորություն։ Բացի այդ, բժշկական անձնակազմը հիմնադրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը, որը լիովին ծածկում է բուժման բոլոր ծախսերը՝ սկսած ամենաթանկարժեք հետազոտություններից և դեղորայքից մինչև սնունդը։ Կենտրոնում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ծնողները կարողանան առանց անհանգստության գտնվել իրենց երեխաների կողքին»,- նշում են «Հերացի» վերլուծական կենտրոնից։

Մինչև 1995 թվականը Հայաստանում մանկական ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում 5-ամյա ապրելիությունը կազմում էր ընդամենը 1-2%։ Այսօր, կիրառվող միջազգային բուժման պրոտոկոլների շնորհիվ, այդ ցուցանիշը հասնում է 75%-ի, իսկ որոշ տեսակների, օրինակ՝ Հոջկինի լիմֆոմայի դեպքում, մինչև 95%-ի։ Մեր երկրում ձեռքբերված 75%-անոց առողջացման ցուցանիշը շատ մոտ է միջազգային լավագույն ցուցանիշներին։ Օրինակ՝ Գերմանիայում այս ցուցանիշը կազմում է 80-85%, իսկ ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ զարգացած երկրներում՝ 85%։

Հիվանդության I-II փուլերում հայտնաբերման դեպքում երեխաների ապաքինման հավանականությունը բարձր է, մինչդեռ մետաստազների առկայության դեպքում բուժման արդյունավետությունն ու ապաքինման հավանականությունը տասնապատիկ նվազում են ։

Ուստի, քանի որ երեխաների մոտ քաղցկեղի կանխարգելումը, ընդհանուր առմամբ, անհնար է, հիվանդության բեռը նվազեցնելու և բուժման արդյունքները բարելավելու ամենաարդյունավետ ռազմավարությունը ժամանակին և ճիշտ ախտորոշման վրա կենտրոնանալն է, որին պետք է հաջորդի արդյունավետ, ապացուցահեն բուժումը և երեխայի դիսպանսեր հսկողությունը:

Քաղցկեղի վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում պարբերաբար անցկացնել երեխաների բժշկական զննումմներն ու հետազոտությունները։ Միևնույն ժամանակ, ծնողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել երեխայի մոտ հնարավոր անհանգստացնող նշանների և ախտանիշների նկատմամբ, որոնք կարող են ներառել՝ ուռուցքային գոյացությունների կամ այտուցվածության առկայությունը, մաշկի գունատությունն ու արագ հոգնածությունը, անբացատրելի կապտուկների առկայությունը, ցավերի կամ կաղության արկայությունը, երկարատև ջերմությունը, հաճախակի գլխացավերը և փսխումը, տեսողության կտրուկ վատթարացումը, ինչպես նաև կտրուկ քաշի կորուստը։

«Հիշե՛ք քաղցկեղը դատավճիռ չէ, այն ախտորոշում է, որի վաղ և ժամանակին կատարումը բազմաթիվ կյանքեր է փրկում»,- ասվում է «Հերացի» կենտրոնի հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---