25 մայիսի 2009 - 22:13 AMT
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչը գլխավոր մրցակից է համարում Կուբայի հավաքականին
Երեւանում շարունակվում է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունն, որին առաջին անգամ մասնակցում են ռեկորդային թվով մասնակիցներ շուրջ 42 երկրներից: Հաղթանակի գլխավոր հավակնորդներից մեկը Ռուսաստանի հավաքականն է, որը փետրվարին արդեն մասնակցել է Երեւանում կայացած միջազգային ընկերական մրցաշարին, իսկ այժմ դեռեւս ոչ մի պարտություն չի կրել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է ՌԴ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլայ Պավլովը, ռուս պատանիներն ամենայն լրջությամբ են պատրաստվել այս մրցաշարին, սակայն չեն պատրաստվում թերագնահատել իրենց մրցակիցներին: «Մինչ այժմ մենք հաջող ենք հանդես գալիս, սակայն չեմ ցանկանում կանխատեսումներ անել, քանի որ մեդալների մասին դեռեւս վաղ է խոսել: Ամեն ինչ կպարզաբանվի քառորդ եզրափակիչ մենամարտերի ժամանակ»,-ասել է Պավլովը:

ՌԴ հավաքականի մարզիչն իր գլխավոր մրցակիցն է համարում Կուբայի հավաքականին` նշելով նրանց բարձր մակարդակն ու մրցունակությունը: «Նախորդ առաջնություններում կուբացիները 2-3 բռնցքամարտիկ էին հայտագրում, իսկ այս անգամ գրեթե ամբողջական կազմով են ներկայացել, ուստի ես գտնում եմ, որ նրանք ընդհանուր թիմային հաղթանակի հիմնական հավակնորդներից մեկն են: Ուժեղ մրցակիցներ են նաեւ Ղազախստանի, Հայաստանի, Ուկրաինայի հավաքականները»,-ասել է Պավլովը: Նա նաեւ նշել է մրցաշարի կազմակերպման բարձր մակարդակը եւ գտնում է, որ Հայաստանը հանգիստ կարող է հավակնել նաեւ մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների անցկացմանը: