7 հունիսի 2002 - 23:32 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ԿԵՂԾԻՔ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՇՏԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՉՈՐՍ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի զանգվածային լրատվության միջոցները, վկայակոչելով Եվրոպայի Միության դիվանագիտական աղբյուրները, հաղորդում են, որ, իբր, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի վերջերս Սթրասբուրգ կատարած այցի ընթացքում, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական ուժերի կողմից դաշտային Ղարաբաղի հարավային մասի չորս շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին: Հաղորդվում է, որ դրա փոխարեն պաշտոնական Երեւանը ակնկալում է հասնել Նախիջեւանի վրայով երկաթուղային երթեւեկության ապաշրջափակմանը: Նշենք, որ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի պատվիրակության անդամների հետ հունիսի երեքին կայացած հանդիպման ընթացքում, Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ երկաթուղային երթեւեկությունը Նախիջեւանի տարածքով կարող է բացվել միայն այն դեպքում, եթե հայկական ուժերը փոխանցեն Ադրբեջանին, ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող, չորս շրջանները: Խոսքը հենց այն շրջանների մասին է, որոնց տարածքով անցնում է Հայաստանը եւ Ադրբեջանը կապող երկաթուղային մայրուղին: Ինչպես հայտնի է, պաշտոնական Բաքուն շատ ավելի է շահագրգռված այդ ճանապարհի գործարկման մեջ, քան Երեւանը, քանի որ դա միակ ցամաքային հաղորդակցման միջոցն է երկրի կազմի մեջ մտնող Նախիջեւանի ինքնավարության հետ: Այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է ներկայացնել պայմաններ, որոնց անհեթեթությունը կասկած չի թողնում, թե դրանք երբեւիցե կարող են ընդունվել Հայաստանի կողմից: Հիշեցնենք, որ վերջերս մեկնաբանելով անվտանգության գոտու տարածքի մի մասի հանձնման հնարավորությունը, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նշել է, որ «նման խոսակցությունները անհեթեթ են եւ ծիծաղաշարժ»: «Նույնիսկ բանասեր լինելով` ես չեմ կարող խոսքեր գտնել, բնութագրելու համար նրանց գործողությունների անբարոյականության աստիճանը, ովքեր նման լուրեր են տարածում»,- հայտարարել է նախարարը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: