7 հունիսի 2002 - 23:31 AMT
ԲԱՔՎՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԸ
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ուսումնասիրում է Հայաստան թառափի եւ սեւ խավիարի առաքումներին, ձկնեղենի դելիկատեսների վերամշակման եւ արտահանման մենաշնորհ ունեցող,«Կասպիան ֆիշ Ազերբայջան» ընկերության առնչության հարցը: Արդեն իսկ մաքսանենգության համար մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց, որոնք ընկերությունից գնված դելիկատես ապրանքները Վրաստանի տարածքով առաքում էին Երեւան: Քննչական մարմինները պարզել են, որ ձերբակալվածները, 2001 թվականի նոյեմբերից սկսած, օգտագործելով վրացական Մառնեուլի քաղաք մեկնող մարդատար ավտբուսները, արտահանել են Ադրբեջանից մոտ ութ միլիոն դոլարի ավելի քան երկու տոննա թառափ եւ ձկնամթերք: Հայտնի է, որ այդ մթերքի հիմնական մասը առաքվել է Հայաստան: Նշենք, որ «Կասպիան ֆիշ Ազերբայջան» ընկերությունը, որի շնորհահանդեսին ներկա է եղել նախագահ Հեյդար Ալիեւը, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, վերահսկվում է իշխող շրջանակներին մոտ կանգնած մարդկանց կողմից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: