26 մայիսի 2009 - 21:11 AMT
Հայաստանն ու Բենինը մտադիր են զարգացնել երկկողմ համագործակցությունը
Մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ'Ալմեիդային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Հայաստանում Բենինի առաջին դեսպանի հավատարմագրումը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Դեսպան դ'Ալմեիդան ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում բազմաբովանդակ համագործակցության հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է:

Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Բենինի համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների, հատկապես` ՄԱԿ-ի, նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: