27 մայիսի 2009 - 13:04 AMT
Հայաստանի ու ԼՂՀ-ի դրոշները Մամաեւի բլրում առաջացրել են ադրբեջանական ԶԼՄ-ների «դժգոհությունը»
15 հոգանոց հայկական պատվիրակությունը Հայ Կազակների միջազգային միավորման ատաման, կազակների գեներալ Սերգեյ Մադաթյանի գլխավորությամբ մայիսի 13-17-ը մասնակցել է Վոլգոգրադում կայացած կազակ ուղղափառ երիտասարդների երկրորդ համաշխարհային համագումար-փառատոնին: Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դրշոները բարձրացվեցին Մամաեւի բլրում 102 մ բարձրության վրա:

Ատաման Մադաթյանին հանձնվել է հողով երկու փաթեթ, որից մեկը նախատեսվում է սփռել Երեւանի «Հաղթանակի» զբոսայգում, իսկ հողով երկրորդ փաթեթը կուղարկվի ԼՂՀ:

Մինչդեռ, ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն հասցրել են մեկնաբանել այդ նորությունը: Ըստ Ադրբեջանի կազակների հայրենակցական միության ղեկավար, ատաման Վիկտոր Մերեշկինի, միությունը հրավիրված էր մասնակցելու այդ միջոցառմանը 7 հոգանոց պատվիրակությամբ: «Երիտասարդները պատրաստ էին, սակայն միջոցների սակավության պատճառով, մենք չկարողացանք մեկնել: Միայն միջոցների բացակայության պատճառով մենք չկարողացանք մեկնել եւ ներկայացնել Ադրբեջանը, եթե մենք մեկնեինք, մենք նման բան թույլ չէինք տա»,-ասել է նա: