27 մայիսի 2009 - 14:03 AMT
ՍՏՀԿ երիտասարդ սոցիալիստները ձգտում են «մեծ քաղաքականություն» մտնել
ՍՏՀԿ մասնակից երկրների Երիտասարդ սոցիալիստների միջազգային միությունը (IUSY) ստեղծվել է տարածաշրջանում երիտասարդության միջեւ խաղաղության եւ համագործակցության ապահովման ու օժանդակման նպատակով, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Միության փոխնախագահ, Սեւծովյան տարածաշրջանի պատասխանատու եւ Վրաստանում IUSY ներկայացուցիչ Դմիտրի Տսկիտիշվիլին: Նրա խոսքով, IUSY գործունեությունն ուղղված է տարածաշրջանում ժողովրդավարական փոխակերպմանը եւ ազգային ու տարածաշրջանային գործընթացներին երիտասարդության մասնակցությանը:

Ինչպես հաղորդել է Տսկիտիշվիլին, IUSY ընդհանուր հավաքներն անցկացվում են տարիյն առնվազն մեկ անգամ Սեւծովյան տարածաշրջանի շրջանակում, այնուհետեւ Կովկասյան տարածաշրջանի մակարդակով, իսկ հետո` միջազգային: «Բացի հակամարտություններից ուշադրության են արժանի նաեւ մեր հասարակության ժողովրդավարացմանն ուղղված գործընթացները: Հակամարտությունները չեն նպաստում Սեւծովյան տարածաշրջանի զարգացմանը երկկողմ եւ բազմակողմանի փոխհարաբերությունների առումով, իսկ այդ հարցում երիտասարդությունը կարող է դրական իմպուլսներ հաղորդել մեր կառավարություններին այդ հակամարտությունների լուծման համար»,- ասել է IUSY Սեւծովյան տարածաշրջանի պատասխանատուն: Տսկիտիշվիլիի կարծիքով, ժողովրդավարությունը ամենագլխավոր գործոններից մեկն է, որպեսզի հակամարտական հարցերի շուրջ բանակցային գործընթացները դրական հունով ընթանան:

Տսկիտիշվիլին ավելացրել է, որ հիմնականում IUSY հանդիպումներն ուղղված են տեղեկատվության եւ փորձի փոխանակմանը տարածաշրջանում կատարվող գործընթացների առնչությամբ, գաղափարական շոշափման կետերի որոնմանը, դրանք նաեւ գործնական հանդիպումներ եւ կոնկրետ մեխանիզմներ են, որոնք հասցվելու են ՍՏՀԿ մասնակից երկրների կառավարություններին երիտասարդության օգնությամբ:

Հաջորդ IUSY կկայանա Հունգարիայում, որտեղ տեղի կունենա Երիտասարդ սոցիալիստների համաշխարհային փառատոնը, հաղորդել է IUSY փոխնախագահը: «Ես հուսով եմ, որ Սեւծովյան տարածաշրջանն այնտեղ շատ լավ կներկայացվի, եւ տարածաշրջանի բոլոր հարցերը կքննարկվեն միջազգային հրապարակում: Մենք տեղեկատվություն եւ կարծիք կստանանք ՍՏՀԿ մեջ չմտնող մեր գործընկերներից Եվրոպայից, Ամերիկայից, Աֆրիկայից եւ այլ երկրներից»,- ասել է նա:

Տսկիտիշվիլին ավելացրել է, որ երիտասարդ առաջնորդների համար, որոնք մասնակցում են IUSY հավաքներին, դա լավ հնարավորություն է հետագայում «մեծ քաղաքականություն» մտնելու համար: «Նրանց համար ավելի դյուրին կլինի կոնկրետ որոշումներ ընդունել, որոնք ազդելու են մեր կյանքի վրա»,- ասել է IUSY փոխնախագահը:

Մայիսի 24-27 Երեւանում տեղի է ունենում Սեւծովյան ավազանից Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության (IUSY) մեջ մտնող կուսակցությունների եւ կազմակերպությունների մասնակցությամբ համաժողով: «Ժողովրդավարության եւ զարգացման համագործակցություն» համաժողովը հրացիրվել է ՀՅ Դաշնակցություն կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ, դրան մասնակցում են սոցիալիստական կուսակցությունների երիտասարդ առաջնորդներ Հայաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից, Շվեդիայից, Իսպանիայից, Հունաստանից, Իրանից, Կիպրոսից, Կանադայից, Սիրիայից: