7 հունիսի 2002 - 23:29 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՈՎ
Բաքվում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի եւ Իրանի ընդլայնվող համագործակցությամբ: Ադրբեջանական ԶԼՄ-ների մտահոգությունն է հարուցել, մասնավորապես, Ստեփանակերտում Իրանի գործարարների կողմից հիմնված, գազամուղների, ջրատարների եւ ոռոգման համակարգերի շինարարության ժամանակ կիրառվող, պոլիէթիլենային խողովակների արտադրության մասին տեղեկությունները: Ղարաբաղի տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներդրումները, Բաքվում հրատարակվող «Էխո» թերթի մեկնաբանի կարծիքով, հավանություն են ստանում պաշտոնական Թեհրանի կողմից: «Իրանում փակ հասարակություն է, խիստ պետական վերահսկողությամբ, եւ դժվար թե կարելի է պատկերացնել, որ գործարարները նման քայլի են դիմում առանց իշխանությունների հավանության կամ գոնե լռակյաց համաձայնության»,- գրում է թերթը: Հոդվածի հեղինակը հիշեցնում է նման այլ նախագծերի մասին: Հիշատակվում է ՋԷԿ-ը, որը, իբր, Իրանը Հայաստանի հետ համատեղ պատրաստվում էր կառուցել ղարաբաղյան անվտանգության ուժերի կողմից վերահսկվող տարածքում, Խուդաֆերիի կամուրջի մոտ սահմանի անցակետը, զարգացող սահմանամերձ առեւտուրը: Թերթը վրդովմունք է հայտնում այն կապակցությամբ, որ «Ադրբեջանի իշխանությունների կողմից չեղավ հստակ անդրադարձ Լեռնային Ղարաբաղում Իրանի ներդրումային ակտիվության վերաբերյալ»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: