27 մայիսի 2009 - 19:47 AMT
Երեւանում նշել են Գերմանիայի Սահմանադրության ընդունման 60-ամյակը
Կապված Գերմանիայի Սահմանադրության ընդունման 60-ամյակի հետ` այսօր Հայաստանի Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որը կազմակերպվել էր ՀՀ-ում Գերմանիայի դեսապանատան, Հայաստանի Սահմանադրական դատարանի եւ Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) կողմից:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը միջոցառման կազմակերպիչներին շնորհակալություն է հայտնել ջերմ շնորհավորանքների եւ համագործակցության համար: «Ես շատ ուրախ եմ, որ մեր համագործակցությունը կայացել է, եւ շնորհակալ եմ նրա համար, որ այսօր մենք նշում ենք Գերմանիայի Սահմանադրության ընդունման օրը: Այս տարի մենք նշում ենք ոչ միայն սահմանադրության ընդունման 60-ամյակը, այլ նաեւ Բեռլինի պատի քանդման 20-ամյակը, որը նշվելու է այս տարվա նոյեմբերին: Մենք ուրախ ենք եւ երջանիկ,որ մեր ժողովուրդը կարողացել է խաղաղ ճանապարհով հաղթահարել բոլոր դժվարությունները»,- հայտարարել է նա:

Իր շնորհավորական ելույթում Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ 1949-ի մայիսի 23-ից ձեւակերպվել է իրավաբանական փաստաթուղթ, որն առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն գերմանական հասարակության վերածննդի եւ զարգացման համար, այլ նաեւ ողջ Եվրոպայի: