28 մայիսի 2009 - 15:54 AMT
Վրաստանը շահագրգռված է Բաթումի-Ախալքալաք-Գյումրի ավտոմայրուղու շինարարության հարցում
ՍՏՀԿ շրջանակներում հետաքրքրություն է ներկայացնում Բաթումի-Ախալքալաք-Գյումրի ավտոմայրուղու շինարարությունը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է տնտեսական հարցերով ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության խորհրդական, ԱԺ պատգամավոր եւ ՍՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Արա Նռանյանը: «Վրաստանը կրկին հաստատել է իր վճռական ցանկությունն ու պատրաստակամությունը` իրականացնելու Բաթումի-Ախալքալաք-Գյումրի նոր ավտոմայրուղու շինարարությունը»,- ասել է նա:

Նռանյանի խոսքով, անգամ այնպիսի երկիր, ինչպիսին է Վրաստանը, որը չպետք է տրանսպորտային խնդիրներ ունենար, անբարենպաստ դրության մեջ հայտնվեց, երբ ռուսական զորքերը անշարժեցրին երկրի արեւմտա-արեւելյան հատվածը: Ինչպես նշել է ԱԺ պատգամավորը, այդ մայրուղու կառուցումը գործնական նշանակություն ունի թե' Հայաստանի համար` որպես դեպի Սեւ ծով ելք ունենալու այլընտրանքային ճանապարահ, եւ թե' Վրաստանի` որպես երկրի արեւելյան հատվածը արեւմտյանի հետ միացնելու հնարավորություն: