6 հունիսի 2002 - 22:55 AMT
ԲԱՔՎՈՒՄ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԶՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻ
Ադրբեջանի միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեիդովը պնդում է, որ Եվրոպայի Խորհրդում գործում է հզոր հայկական լոբբի, որը ջանքեր է գործադրում Երեւանի շահերը պաշտպանելու ուղղությամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով զեկուցողի նշանակման հարցում: Բաքվի ԶԼՄ-ները Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Սթրասբուրգ կապում են զեկուցողի թեկնածության առաջիկա քննարկման հետ: Բաքվում գտնում են, որ Վարդան Օսկանյանի հանդիպումները Եվրոպայի Խորհրդի ղեկավարության հետ «հայամետ տրամադրված» քաղաքական գործչի զեկուցող նշանակելու նպատակ են հետապնդում: Ադրբեջանական աղբյուրների տվյալների համաձայն, այդ դերին է հավակնում ԵԽԽՎ-ում սոցիալիստական կուսակցության ղեկավար, բրիտանական պատվիրակության ղեկավար Տերրի Դեվիսը: Կողմերի վերաբերմունքը նրա թեկնածության նկատմամբ դեռեւս անհայտ է: Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ «Ադրբեջանը թույլ չի տա ոչ անաչառ զեկուցողի նշանակում»:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: