29 մայիսի 2009 - 13:17 AMT
ՀԱՊԿ-ն ստեղծվել է կոլեկտիվ ջանքերով պետությունների անվտանգությունն ապահովելու նպատակով
Փետրվարին որոշում կայացվեց Արագ արձագանքման հավաքական ուժերի` ԱԱՀՈւ ստեղծման մասին, ՀԱՊԿ քարտուղարությունն ու միավորված շտաբին ժամանակ է տրվել մինչեւ հունիս` նախապատրաստելու համար նորմատիվ փաստաթղթերը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով, հարկավոր է բազում հարցեր լուծել` ինչպես են ՀԱՊԿ երկրներն անհրաժեշտության դեպքում ընդունելու իրենց տարածքում այլ պետությունների զորքերին, ինչպես են այդ զորքերը զենք կիրառելու, ինչպես է որոշվելու զինվորական զորամասերն որեւէ տեղ գործուղելու հարցը: «Հիմնականում մենք այդ հարցերը լուծել ենք, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտության վերածմանը պատերազմական գործողությունների եւ եթե Հայաստանն օգնության կանչի, ապա ես չէի ցանկանա օգտագործել հետեւյալ բառերը` «ինչ կլինի, եթե..»: Ինձ հաճախ են հարցնում ղարաբաղյան հակամարտության մասին եւ ես միշտ ասում եմ` ցանկացած անզգույշ բառ զգացմունքների ալիք է բարձրացնում եւ խոչընդոտում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին», ասել է Բորդյուժան:

Բորդյուժան նշել է նաեւ, որ ՀԱՊԿ-ն ստեղծվել է կոլեկտիվ ջանքերով պետությունների անվտանգությունն ապահովելու նպատակով: «Եթե այդ երկրներից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտ կատարվի, ապա ՀԱՊԿ-ն, ոչ թե Արագ արձագանքման հավաքական ուժերը, այլ հենց ՀԱՊԿ-ն օգնության կգա: ԱԱՀՈւ-ն նախատեսված է մանր զինված հակամարտությունները մարելու համար: Եթե մենք խոսում ենք տարածքային ամբողջականությանն եւ լայնածավալ պատերազմի լուրջ սպառնալիքի մասին, ապա դրա համար արդեն կան խմբավորումներ` ռուս-հայկական, ռուս-բելառուսական: Այժմ մշակվում է հետեւյալ հարցը` մենք համաձայնեցնում ենք Կենտրոնական Ասիայում խոշոր խմբավորման ստեղծման վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը»,-ասել է Բորդյուժան, գրում է «Կոմերսանտը»: