29 մայիսի 2009 - 19:44 AMT
Ֆլեմինգ Սերիցլեւ. Մենք հաղթանակի ենք տրամադրված Շվեյցարիայի եւ Թուրքիայի հետ հանդիպումներում
Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսի 5-ին եւ 9-ին իր առաջին երկու հանդիպումները կանցկացնի 2011 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում: Առաջին հանդիպմանը հունիսի 5-ին հայ երիտասարդները կմրցակցեն շվեյցարացի հասակակիցների, իսկ ամսի 9-ին` թուրքական հավաքականի հետ: Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական ակումբը` Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ, գտնում է, որ իր սաները միանգամայն պատրաստ են մրցակցելու իրենց հակառակորդների հետ:

«Թուրքիայում, ի տարբերություն Հայաստանի, կա ֆուտբոլիստների լայն ընտրանքի, բայց մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք մրցակից լինել նրանց` անցյալ տարի փայլուն հաղթանակ տանելով նրանց հանդեպ: Մենք ունենք երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստներ, եւ աստիճանաբար ընտրություն է առաջանում: Մենք մեծ քանակությամբ հիմնականում կիսապաշտպան լավ ֆուտբոլիստներ ունենք, ուստի բարդ ընտրության առաջ ենք կանգնում: Ես հուսով եմ, որ ապագայում մեր առջեւ կծառանա դարպասապահների, պաշտպանների եւ հարձակվողների ընտրության հարցը: Բայց եւ այնպես ես գտնում եմ, որ ներկա պահին մենք շատ մրցունակ հավաքական ունենք, որի ամենակարեւոր առանձնահատկություններից մեկը միասնականությունն է»,- նշել է Սերիցլեւը:

Դանիացին նաեւ ընդգծել է, որ չնայած իր մրցակիցների բարձր մակարդակին, հայ ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան մեկ նպատակով` հաղթելու:

«Շվեյցարիան եւ Թուրքիան առավել բարձր տեղ են զբաղեցնում ՖԻՖԱ-ի վարկանշային ցուցակում եւ մեզ համար լուրջ մրցակիցներ են: Առաջիկա հանդիպումները շատ բարդ են լինելու: Շվեյցարիայի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները բարձրակարգ ակումբներում են հանդես գալիս: Իսկ Թուրքիայի հավաքականն արդեն մեկ հանդիպում է ունեցել Իռլանդիայի հավաքականի հետ եւ հաղթանակ տարել 0:3 հաշվով: Բայց ես միշտ ասում եմ մեր ֆուտբոլիստներին, որ նրանք պետք է հպարտանան նրանով, որ կրում են ազգային հավաքականի շապիկները. դա նրանց պարտավորում է հավաքվել եւ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի հաջողության հասնեն,- ասել է Սվերիցլեւը:- Անցյալ տարվա համեմատ թուրքական հավաքականում փոփոխություններ գրեթե տեղի չեն ունեցել. նախկին թիմից միայն երեք մարզիկ չեն մասնակցի հանդիպմանը: Իսկ մեր անցյալ տարվա թիմից, որը փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի հանդեպ 2:1 հաշվով, առաջիկա հանդիպմանը չեն մասնակցելու վեց մարզիկ: Այնուամենայնիվ, ես խոստանում եմ, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դրական արդյունքի հասնենք, առավել եւս այն թիմերի հետ խաղերում, որոնք խաղի դիսցիպլինայի բարձր մակարդակ ունեն»,- հավատացրել է Հայաստանի երիտասարդական հավաքականի դանիացի մարզիչը: