29 մայիսի 2009 - 21:14 AMT
2009-2010թթ. ՀԲ ծրագրում է Հայաստանում իրականացնել փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցության մի շարք ծրագրեր
Այսօր կայացել է «Գյուղական համայնքների զարգացումը Հայաստանում» թեմայով 3-րդ ամենամյա խորհրդաժողովը: Այն իրականացվում է «Թրփանջյան գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի շրջանակներում Ամերիկյան համալսարանի աջակցությամբ: Նախագծի նպատակն է` ներկայացնել 2008-2009թթ. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերը, զարգացման խնդիրները եւ հնարավորությունները:

Փորձագետները կներկայացնեն համայնքների զարգացմանն ուղղված կրթական եւ առողջապահական ծրագրերը:

Որպես գլխավոր զեկուցող խորհրդաժողովում հանդես կգա Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:

«Չնայած ճգնաժամին, կառավարությունը շարունակում է սոցիալական ոլորտին առնչվող իր ծրագրերը: Համաշխարհային բանկը շարունակում է համագործակցել ՀՀ կառավարության հետ եւ 2009-2010 թթ. նախատեսում է մի քանի նոր ծրագրերի իրականացում, որի շրջանակներում Համաշխարհային բանկը գումար է հատկացրել փոքր եւ միջին ձեռնարկատիրության կարգավորման, գյուղական ճանապարհների եւ ոռոգման համակարգերի վերանորոգման համար: Գործում է վարկային ծրագիր գյուղական ձեռներեցության համար, որի միջոցով արդեն 140 համայնքի 100 վարկ է տրվել: 60 մլն դոլար կհատկացնեն 250 կմ գյուղական ճանապարհների վերանորոգման համար, որպեսզի գյուղատնտեսական ապրանքները բարեհաջող փոխադրվեն շուկա», - նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: