5 հունիսի 2002 - 23:27 AMT
78-ԱՄՅԱ ՎԱՐՉԱՊԵՏ ԲՅՈՒԼԵՆԹ ԷՋԵՎԻԹԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՂԵՏԱԲԵՐ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
Թուրքիայում սրվում է ֆինանսական եւ քաղաքական ճգնաժամը, որն առաջացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հեռանկարի պատճառով: Արդեն գրեթե ոչ ոք չի կասկածում, որ զարգացող Պարկինսոնի հիվանդությունը թույլ չի տա 78-ամյա վարչապետ Բյուլենթ Էջեվիթին կառավարել մինչեւ սահմանված ժամկետի վերջը: Թուրքական քաղաքականության վետերանի հրաժարականը կամ առավել եւս մահը Անկարայի համար աղետալի հետեւանքներ կունենա, քանի որ հենց Էջեւիթի անձի երաշխիքով է Միջազգային Արժութային Հիմնադրամը 16 միլիարդ դոլարի հսկայական վարկ տվել մեռնող թուրքական տնտեսության առողջացման համար: Հաջորդ տրանշերի ստացման հեռանկարը նախ եւ առաջ կախված է այժմ իշխող կոալիցիայից: Դիտորդները կանխատեսում են դաշինքի փլուզում եւ իրական իշխանության անցումը փոխվարչապետին, որը ներկայացնում է դաշինքի մեջ մտնող Գործողության ազգային կուսակցությունը: Դա կարող է վատթարացնել Անկարայի եւ Եվրոմիության առանց այդ էլ սառը հարաբերությունները: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: